ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ընտրություն վատի և վատթարագույնի միջև

Ընտրություն վատի և վատթարագույնի միջև
14.04.2009 | 00:00

ՎԵՐԱԴԱՌՆԱ՞Լ, ԹԵ՞ ՉՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Պարզվում է` վերջին 15-20 տարիներին արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների հավանական վերադարձը Հայաստան ճգնաժամային այս իրավիճակում նոր պրոբլեմների առաջ է կանգնեցնելու հայրենի կառավարությանը։
Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության ղեկավար Գագիկ Եգանյանի համոզմամբ` դա ոչ միայն կարող է պայթեցնել ներքին աշխատանքային շուկան, այլև սոցիալական լարվածության խորացման պատճառ դառնալ:
Իրողությունն այն է, որ թեև արտագնա աշխատանքի սեզոնը բացվել է, սակայն Ռուսաստան մեկնող մեր հայրենակիցներն այս տարի դժվար թե տեղի շինարարական շուկայում աշխատանք գտնեն, քանի որ նախ` ՌԴ կառավարությունը սույն թվականի ապրիլի 1-ից 50 տոկոսով կրճատել է աշխատանքային միգրանտներին հատկացված չափաբաժինները, և երկրորդ` շինարարության ոլորտը լուրջ խնդիրների առջև է կանգնած: Դա են վկայում նաև ռուսական «Սիբիրյան ավիաուղիներ» ընկերության տվյալներն այն մասին, որ սույն թվականի մարտ ամսին, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, գրեթե կրկնակի նվազել է Հայաստանից մեկնողների թիվը, որոնք հիմնականում ժամանակավոր աշխատանքի մեկնողներն էին: Իսկ այն, որ 2009-ի փետրվարին ողջ Ռուսաստանի տարածքում ընդամենը 78 հիպոթեքային վարկ է տրամադրվել, խոսում է այն մասին, որ իրավիճակը ռուսաստանյան շինարարության ոլորտում մոտ ապագայում դժվար թե բարելավվի:
Ինչևէ, ՀՀ միգրացիոն ծառայության ղեկավարի փոխանցմամբ` եթե անցյալ տարի, ըստ պաշտոնական տեղեկատվության, մոտ 60 հազար մարդ էր ժամանակավոր աշխատանքի մեկնում, ապա այս տարի 40-45 հազարը, ամենայն հավանականությամբ, չեն մեկնի Ռուսաստան: Այդ է վկայում նաև Հայաստանից մեկնողների և ժամանողների տարբերությունը, որտեղ հոսքերը նախորդ տարվա համեմատ 30 տոկոսով կրճատվել են:
Այդուհանդերձ, սպասվում է, որ երկար տարիներ Ռուսաստանում և այլ երկրներում բնակվող հայերը ստիպված կարող են Հայաստան վերադառնալ: Մասնավորապես, դա վերաբերում է վերջին տասնամյակում արտագաղթած և Ռուսաստանում հանգրվանած մեր շուրջ 700 հազար հայրենակիցներին: Ըստ Գագիկ Եգանյանի, նրանց մոտ մեկ երրորդը կարողացել է սեփական բնակարան կամ առանձնատուն ձեռք բերել, իսկ ահա երկու երրորդը մինչ օրս վարձակալությամբ է ապրում, և եթե հավելենք, որ նրանց 40 տոկոսն էլ կորցրել է աշխատանքը և դժվարանալու է վճարել բնակարանի վարձը, ապա բացառված չէ, որ 160-180 հազար հայ ստիպված վերադառնա հայրենիք: Այս դեպքում նրանք պարտադրված են լինելու ընտրություն կատարել «վատ»-ի, այսինքն` Ռուսաստանի, և «վատթարագույնի», այս պարագայում` Հայաստանի միջև: Թերևս նրանցից շատերը նախընտրեն ինչ-որ կերպ յոլա գնալ Ռուսաստանում և տնտեսական իրավիճակի բարելավման հույսով գոյատևել, քան թե վերադառնալ Հայաստան, որտեղ որևէ աշխատանք գտնելու հնարավորությունը պարզապես զրոյական է:
Ժամանակավոր աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների ընտանիքները ևս այս տարի բավականին դժվար վիճակում են հայտնվելու, քանի որ, ըստ վիճակագրության, մեկնողներից յուրաքանչյուրը միջին հաշվով 4800 դոլար էր իր հետ բերում Հայաստան։ Մյուս կողմից էլ զգալիորեն կրճատվել են արտերկրից Հայաստան մուտք գործող դրամական փոխանցումները, և, ի տարբերություն 2008-ի հունվար-մարտ ամիսների, այս տարի դրանք արդեն իսկ 30-35 տոկոսով նվազել են: Ճիշտ է, միգրացիայի միջազգային կազմակերպությունը փաստում է, թե փոխանցումների նվազումը պայմանավորված է այն իրողությամբ, որ մարդիկ ֆինանսական ճգնաժամի հետևանքով բանկերին ավելի քիչ են վստահում, սակայն դա ևս Հայաստանի համար մխիթարվելու առիթ չէ:
Արտակ ՄԱՐԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4684

Մեկնաբանություններ